ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Երբ ամեն ինչ ասվում է ոչինչ չասելու համար

Երբ ամեն ինչ ասվում է ոչինչ չասելու համար
07.09.2012 | 12:43

ԱԺ արտահերթ նստաշրջանին մասնակցելու համար նիստը սկսվելիս գրանցվել էր 90 պատգամավոր: Թեման ներշնչում էր հուզական և դատափետող ելույթների, որոնք գերազանցում էին վերլուծական և ելքեր առաջարկող ելույթներին: Հենց այդ պատճառով պատգամավորներին առաջարկում էի պատասխանել մեկ հարցի` ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում: Պատասխանները տարբեր էին, բնականաբար, երբեմն նաև հարցի հետ քիչ կապ ունեին կամ չունեին:

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ՀՀԿ)
-Մենք պիտի կարողանանք պահանջել ԼՂՀ անկախության ճանաչումը մեր բարեկամ պետություններից, որով նրանք որոշակիորեն հնարավոր չարագործություններից զերծ կպահեն Ադրբեջանին:
-ԼՂՀ ճանաչումը Հայաստանի՞ց պիտի սկսվի:
-Այս պահին դա շահարկվող գաղափար է, որևէ հայ չկա, որ չցանկանա ԼՂՀ անկախության ճանաչումը: Նրանք, ովքեր այդ հարցը հենց այսօր են դնում, պիտի հիմնավորեն` ճանաչեցինք, իսկ արդյո՞ւնքը: Արդյունքը, կարծում եմ, այն կլինի, որ հետո աշխարհը չի ճանաչելու Հայաստանին ԼՂՀ անվտանգությունն ապահովող, և մեր բոլոր միջոցառումները` կապված Ղարաբաղի հետ, ապօրինի են դառնալու: Երբ մի քայլ ես անում, պիտի հաշվարկես, թե ինչ արդյունք կունենաս: Չպետք է կարծել, որ արագ զարգացող աշխարհում բոլոր պետությունները անընդհատ սպասում են, թե ինչպես պիտի լուծվի Ղարաբաղի հարցը կամ ընդհանրապես հայկական հարցը: Դա մի կողմից քաղաքական շահարկումների արդյունքն է, մյուս կողմից էլ նոր սերունդ է առաջացել, չի տեսել պատերազմը, չգիտի, թե ինչ արհավիրքներ կառաջանան և տեսակետներ է շպրտում քաղաքական դիվիդենդներ շահելու, հայրենասեր երևալու համար:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ (ՀՀԿ)
-ՈՒշադրությամբ հետևեցի բոլորի ելույթներին և ցավով արձանագրեցի, որ մեզ առիթ է պետք խոսելու համար` բառեր, բառեր, բառեր… Իսկ իրականությունը, ըստ իս, մեկն է` մենք պետք է պահանջենք Հունգարիայից ընդունել ԼՂՀ անկախությունը: Այս պահին այլ պահանջ մենք պետք է չունենանք: Բնավ զարմանալի չէ այն պահվածքը, որ որդեգրել է Ադրբեջանը, արտառոց էլ չէ, լրիվ ադրբեջանական ձեռագիր է: Մեր խնդիրը եվրոպական կառույցների հետ է, նաև` ինքներս մեզ հետ: Հուսով եմ, որ այսօր հնչած բոլոր ելույթները մեկ նպատակ ունեին` համախմբում: Մենք հաղթում և հաջողության ենք հասնում, եթե միասին ենք: Ես կուզեի, որ դա չմոռանայինք: Եվ չմոռանայինք մի շատ կարևոր իրողություն` ղարաբաղյան պատերազմը դեռ ավարտված չէ, շարունակվող պատերազմի դրսևորումն են սահմանին զոհվող մեր տղաները: Մեր բոլոր քննարկումները, պահանջները պիտի այս ելակետից սկսվեն` պատերազմը դեռ ավարտված չէ, և մենք պիտի Հունգարիայից ու միջազգային կառույցներից հաստատակամ պահանջենք անվերապահորեն ճանաչել ԼՂՀ անկախությունը:

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ (ՀՀԿ)
-Այն գաղափարները, մտքերը, որ հնչում են բացառապես զգացմունքային հարթության մեջ, իհարկե, կյանքի իրավունք ունեն: Ի վերջո, տեղի ունեցածը մեր ազգային զգացմունքները, որպես ժողովուրդ, որպես հավաքականություն տեղաշարժել է: Զուտ քաղաքական հարթությունում կարծում եմ, որ գործարքի արդյունքում մարդասպանին ներում շնորհելու պատճառով Ադրբեջանի միջազգային հեղինակությունը գտնվում է իր պատմության ամենաճգնաժամային փուլում, և տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի մոտեցումները մեզ համար ամենակարևոր հարցում` արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, շատ ու շատ ավելի համահունչ են դառնում միջազգային հանրության ավելի լայն շրջանակների հետ: Ամենաթիրախավորված ճանապարհը կլիներ, եթե, օգտվելով ստեղծված իրավիճակից, Հայաստանը չբավարարվեր դատապարտող հայտարարություններ ստանալով և օգտագործեր իրավիճակը` ձեռնարկելու քայլեր քաղաքական, տնտեսական հարթություններում ամրագրելու կոնկրետ արդյունքներ, այդ թվում` եթե ոչ ԼՂՀ ճանաչումը, գոնե բանակցություններում այնպիսի տեղաշարժ, որոնք ակնհայտ կդարձնեն, որ Ադրբեջանի ղեկավարությունը սխալ ճանապարհով է գնում:

ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ (ԲՀԿ)
-Այս իրավիճակը ոչ ողջամիտ գործողությունների հետևանք է: Կարծում եմ, որ ադրբեջանական պետությունը, ադրբեջանական հասարակությունը պետք է սթափ մտածեն, թե ինչ հետևանքներ կարող են լինել: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը իրենց տարածքից չեն հեռանալու, կողք կողքի ապրելու են, և այդ պայմաններում ադրբեջանական հասարակությունը չպիտի թշնամանք ու ատելություն խորացնի, գիշերը քնած մարդուն կացնով սպանողին հերոսացնի:
-Կարծում եք, որ Սաֆարովը հանգիստ քնելո՞ւ է գիշերը:
-Ես որևէ խնդիր չունեմ որևէ մեկի հանգիստ-անհանգիստ քնելու, երազում մղձավանջներ տեսնելու հետ: Կա հասարակական և հանրային առողջության խնդիր, երբ որևէ մեկին հերոսացնում ես պետական մասշտաբով, դարձնում ես ընդօրինակման արժանի: Չափահաս մարդիկ կարող են ընտրել, հասկանալ սուտ ու ճիշտ հերոսների տարբերությունը, բայց մանուկներին, որոնց արժեքային համակարգը դեռ կայուն չէ, տալիս ես ընդօրինակման ճանապարհ, որը սարսափելի է այդ հասարակության ապագայի համար: Մենք վիճահարույց խնդիր ունենք, որի շուրջ բանակցում ենք, սահմանում իրար վրա կրակում ենք մեկ-մեկ, մի օր այդ խնդիրը կվերանա, բայց հասարակության մեջ սերմանված այս քամին փոթորիկ է բերելու:


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ
ելույթից (ԲՀԿ)
-Մենք իսկապես ցնցվեցինք, երբ իմացանք, որ մարդասպանն արտահանձնվել է Ադրբեջանին, պատկերացրեք Գուրգեն Մարգարյանի ծնողների և հարազատների վիշտն ու հիասթափությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է քաջություն ու համարձակություն ունենանք արձանագրելու, որ մեր բոլորին վիշտ ու հիասթափություն պատճառելու մեջ իր դերակատարությունն ունի նաև մեր կառավարությունը: ՀՀ կառավարությունը, որը յուրաքանչյուր հայ անհատի անվտանգության պաշտպանն է, այս հարցում թերացել է: Անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր, որ մենք այդ ամենի մասին իմանանք ադրբեջանական մամուլից, երբ արդեն Սաֆարովը ոտք է դրել հայրենիք: Ինչպես կարելի է, 15 օր առաջ հայ համայնքը ահազանգեր և մեր իշխանությունները ոչինչ չանեին: Մեր իշխանությունները առաջինը պետք է գործարքին տեղյակ լինեին: Այն, ինչ Հունգարիան է արել, նողկալի է և՛ իրավական, և՛ բարոյական առումներով, նրանք առնվազն պետք է խորհրդակցեին հայկական կողմի հետ, արդեն չեմ ասում հայ-հունգարական դարավոր հարաբերությունների մասին: Նրանք գործել են ոչ թե միջազգային նորմերով, ինչպես իրենց վարչապետն է ասում, այլ ճիշտ հակառակը` խախտելով կոնվենցիան, որովհետև մենք բազմիցս ահազանգել էինք, որ եթե Սաֆարովը վերադառնա Ադրբեջան, չի շարունակելու պատիժը կրել: Ամենամեծ դասը` նման իրավիճակներ նորից կարող են լինել: Երբ մենք այստեղ խոսում ենք, մեր թիկունքում գործարքներ են լինում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, տասնյակ երկրների միջև, և մեզ համար անպայման անակնկալ կլինի այդ գործարքներում, մենք մեր հետագա քայլերով պիտի կանխենք գործարքները: Այսօր բոլորովին նոր դիվանագիտական իրավիճակ է ստեղծվել և պետք է համատեղենք մեր ջանքերը, որ կարողանանք օգտվել իրավիճակից:

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (ՀՅԴ)
-Ես առաջարկել եմ, որ ԱԺ հայտարարությունը քննադատի նաև միջազգային կազմակերպություններին, որոնց թողտվությամբ, ադրբեջանական քաղաքականության նկատմամբ վախվորած կեցվածքով ստեղծվեց իրավիճակ, երբ մի պետություն որոշեց, որ կարող է թքել սեփական սկզբունքների վրա, իսկ Ադրբեջանը չվախեցավ լկտիաբար հերոս հայտարարել գիշերային մարդասպանին: ՈՒմի՞ց պիտի վախենային, որ չանեին: Հայերի և հայության արձագանքից: Երկուսից էլ չեն վախեցել, ուրեմն պետք է անել քայլեր, որոնք կվերականգնեն մեր ոչ միայն հեղինակությունը, այլ նաև ուժը:
-Այս իրավիճակին կարո՞ղ է հետևել ԼՂՀ ճանաչումը:
-ՀՀ վախվորած կեցվածքից ելնելով` չեմ կարծում, բայց մեր առաջարկը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատելն է, մենք առաջարկում ենք ընդունել այն հայտարարությունը, որը վերաբերում է ԼՂՀ-ի վրա ադրբեջանական ագրեսիայի հետևանքների և դրա համար պատասխանատվություն կրելուն, որտեղ ճանաչման տարրեր էլ կան, անվտանգության ապահովման ստանձնման տարրեր էլ կան: Այսօր ճիշտ ժամանակն է այդ հայտարարությունն ընդունելու:


ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
(«Ժառանգություն»)
-Ես կարծում եմ` բացառիկ իրավիճակ է ձևավորվել Հայաստանի ու տարածաշրջանի համար, և ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Դրանով կսկսենք Արցախի միջազգային ճանաչման գործընթացը:
-Կարծում եք` Հայաստանի ճանաչումին կհաջորդի միջազգայի՞նը:
-Այո: Եթե ուշադրություն դարձրել եք տարբեր պետությունների քաղաքական գործիչների տեսակետներին, ակնհայտ է, որ այդ պահը եկել է: Ի վերջո, մենք միշտ խոսում ենք պատմական արդարության վերականգնման անհրաժեշտության մասին, դա այնքան էլ համոզիչ չէ այն պետությունների համար, որ իրենց տարածքներն ընդլայնել են այլ պետությունների տարածքների հաշվին: Հիմա մենք գործ ունենք մի պետության հետ, որի արժեհամակարգը ինչ-որ տեղ հակասում է քաղաքակրթության արժեհամակարգին, նրանց համար հերոսը քնած զինվորին 16 անգամ կացնահարողն է: Եվ եթե հիշում եք` այն ժամանակ ասում էին, որ Սաֆարովն աֆեկտի մեջ է եղել, այս դեպքը ցույց տվեց, որ ամբողջ ժողովուրդն է աֆեկտի մեջ, և հայ սպանելն իրենց բնազդային կոդի մեջ է: Իսկ այդ ազգի նախագահն էլ այն հավաքականության նախագահն է, որը հերոսացնում է մարդասպան տեսակին: Սրանից ավելի լուրջ փաստարկ չկա, որ վկայի` որևէ դեպքում Արցախը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
ելույթից («Ժառանգություն»)
-Ես կարծում եմ, որ, այո, արտաքին գերատեսչությունը թերացել է, բայց դա այս նիստի թեման չէ: Եթե ուզում եք, հանձնաժողով ստեղծեք և պարզեք, ինչու արտգործնախարարությունը որևէ բան չի արել։ Ինչո՞ւ 2004-2008 թվականներին Հունգարիայում դեսպանատուն չի ստեղծել` մեր իրավաբաններին աջակցելու, երբ Ադրբեջանը 2004-ից անմիջապես հետո դեսպանատուն է բացել ու լծվել Սաֆարովի պաշտպանության անպատվաբեր գործին: Ես նաև կխուսափեի Հունգարիային անվերջ դատապարտելուց։ Ի վերջո, Հունգարիան բարեկամ պետություն է, որը ոչ բարեկամական քայլ է արել: Ադրբեջանի թշնամական քայլերին սովոր ենք, և համաձայն չեմ հնչած գնահատականներին, որ այս քայլը շոկ է առաջացրել: Ամենևին: Սա շոկ պետք է լինի միջազգային հանրության համար: Պետք է նաև էմոցիաներից վեր լինենք:

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ (ՕԵԿ)
-Ստեղծված իրավիճակը ցավալի է, բայց եղածը եղած է, և պիտի փորձենք հնարավորինս անկորուստ դուրս գալ այս իրավիճակից: Ես կարծում եմ, որ կատարվածը հնարավորություն է տալիս աշխարհին լիարժեք ճանաչելու Ադրբեջանին, և մենք պիտի բարձրացնենք այն խնդիրները, որ ծառացած են երկու պետությունների միջև: Մենք պիտի ԼՂ խնդիրը դարձնենք ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոն և ասենք, որ երբեք չի կարող ԼՂՀ-ն գտնվել Ադրբեջանի կազմում, որովհետև պարզ է` ով է ադրբեջանցին և ինչ կարող է անել այն քաղաքացու հետ, որ ապրում է Լեռնային Ղարաբաղում: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, թե ով է ադրբեջանցին, ինչի է ընդունակ, և աշխարհը, ճանաչելով նրան, պիտի դռները փակի այն պետության առաջ, որ հերոսացնում է մարդասպանին: Իհարկե, սա առաջին դեպքը չէր, Սումգայիթում էլ գործել է նույն կացինը և չի արժանացել միջազգային կառույցների դատին, այդ պատճառով էլ 2004 թ. Ռամիլ Սաֆարովը վերստին ձեռք բարձրացրեց քնած հայի վրա: Մենք բոլոր միջազգային կառույցներում պիտի այդ հարցը բարձրացնենք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
ելույթից (ՕԵԿ)
-Հունգարիայի իշխանությունների այս անբացատրելի, անընդունելի ու անհեթեթ քայլը, իհարկե, կունենա իր համապատասխան հետևանքները: Միջազգային մարդասիրական նորմերին ու սկզբունքներին հակասող այս արարքը չի կարող անպատիժ մնալ: Իսկ Հայաստանն էլ չի կարող դիվանագիտական հարաբերություններ ունենալ մարդու իրավունքները ոտնահարող և մարդասպանին սատարող երկրի իշխանությունների հետ: Ես կարևորում եմ մեր երկրի ղեկավարի հստակ դիրքորոշումը և ձեռնարկած գործնական քայլերը: Հիմա հերթը ԱԺ-ինն է: Մենք մեր պահանջները շատ ավելի կոշտ պետք է հնչեցնենք եվրոպական միջազգային կառույցներում ու վեհաժողովներում, ՆԱՏՕ-ի, ԵԽԽՎ-ի, ԵՄ-ի հարթություններում: Ադրբեջանի այս արարքը պետք է կոշտ որակումներ ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ
ելույթից (ՀԱԿ)
-Այս քայլով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի նորմերը, ստանձնեց Ռամիլ Սաֆարովի կատարած հանցագործության ամբողջ բարոյական պատասխանատվությունը, միջազգային հանրությանը ցույց տվեց, որ պատրաստ է փառաբանելու ազգայնականության ու ցեղասպանության հիմքի վրա մարդասպանությունը, վտանգելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցությունները: Ակնհայտ է, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին հեշտությամբ հաշվարկել Ադրբեջանի գործողությունները էքստրադիցիայից հետո, սակայն գերադասել են Ադրբեջանի դիմումին ցուցաբերել զուտ ֆորմալ մոտեցում և բավարարվել Ադրբեջանի` Սաֆարովին բանտում պահելու ակնհայտորեն հեղհեղուկ երաշխիքներով: ՀԱԿ-ը, ունենալով կոշտ հակասություններ իշխող քաղաքական ուժի հետ, գիտակցում է ստեղծված իրավիճակում Հայաստանի քաղաքական ուժերի միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը, ուստի մենք որոշել ենք առանց այլևայլ բարդություններ ստեղծելու միանալ ներկայացված հայտարարության նախագծին: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում կրկնել ՀԱԿ-ի օգոստոսի 31-ի հայտարարության գնահատականները, որ ՀՀ իշխանությունները նույնպես պատասխանատվություն են կրում կատարվածի համար, քանի որ ժամանակին համարժեք քայլեր չեն կատարել ո՛չ հետախուզության, ո՛չ էլ դիվանագիտության ասպարեզներում: ...Այսօր բոլորիս առաջնային գործը պետք է լինի սթափ գնահատել ստեղծված իրավիճակը, որը պայթյունավտանգ է, հղի է բազմաթիվ վտանգներով ազգային անվտանգության համար, ներառյալ հնարավոր պատերազմական էսկալացիան: Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ էմոցիոնալ, քաղաքականապես չհաշվարկված քայլերից: Հայաստանը պետք է զերծ մնա որևէ քայլից, որը կվնասի ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը և միջազգային վարկին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմատենչ հարևան Ադրբեջանը, էթնիկ հողի վրա կատարած հանցագործության համար խստագույն պատժի արժանացած մարդասպանին ներում շնորհելով, ստեղծեց վտանգավոր նախադեպ, երբ նավթադոլարները ծառայեցվեցին եվրոպական արդարադատության համակարգը վարկաբեկելուն: Ավելին` եթե Ադրբեջանը պետական մակարդակով ֆինանսական միջոցներ է հատկացնում ծայրահեղական կազմակերպություններին ֆինանսավորելու համար և՛ իր տարածքում, և՛ դրանից դուրս, վտանգ է ներկայացնում միջազգային հանրության, միջազգային կառույցների ու իր գործընկերների համար: Խորհրդարանի նախագահը, բնականաբար, անդրադարձավ նաև Արցախին.
-ԼՂՀ անկախությունն այլևս անշրջելի իրողություն է, և ԼՂՀ-ն տարեցտարի է՛լ ավելի ամրապնդում է իր պետականության հիմքերը: Այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պարզ է ոչ միայն Հայաստանի ու Արցախի ժողովրդին, ոչ միայն ողջ հայությանը, այլև միջազգային հանրությանը: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հրամանագրերը հարցականի տակ դրեցին փոխզիջումների մասին խոսելու նպատակահարմարությունը, ևս մեկ անգամ փաստելով, որ Ադրբեջանը երբեք չի կարող հանդիսանալ Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավոր: Միջազգային հանրությունը գոնե հիմա պետք է կարողանա տեսնել իրական դեմքը մի երկրի, որտեղ խրախուսվում է հայատյացությունը: Արցախի ժողովուրդը վաղուց է համոզվել դրանում և պատահական չի մշտապես հայտարարում, որ որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ մասին բազմիցս հայտարարել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, ըստ էության, սենսացիոն հայտարարություն արեց, որ մինչև օգոստոսի 28-ը Հունգարիան հավաստիացրել է, որ ոչինչ տեղի չի ունենալու: «2004 թվականին Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունից և դատավճռի հրապարակումից անմիջապես հետո այս տարիների ընթացքում Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին պատժից ազատելու և նրան տեղափոխելու համար: Պարբերաբար տեղեկություններ ստանալով Ադրբեջանի փորձերի մասին` ՀՀ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, խորհրդարանի նախագահի, դեսպանների մակարդակով շարունակաբար Հունգարիայի իշխանությունների ուշադրությունն ենք հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա, և բազմիցս հունգարական կողմից ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը բացառված է, ներառյալ օգոստոսի 22-ը, 23-ը և 24-ը, երբ Հունգարիայի ԱԳՆ-ից, արդարադատության նախարարությունից և խորհրդարանից ստացվել են այդ հավաստիացումները` նախկինները վերահաստատելով»: «Եվ ինչպես վկայում է սեպտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպումը, եռանախագահող երկրները նույնպես տեղյակ չեն եղել այդ գործարքի մասին: Համանախագահ երկրների դատապարտող հայտարարությունները ևս վկայում են այդ մասին»:
Օրավարտին 96 կողմ ձայնով և դեմ ունենալով Զարուհի Փոստանջյանին` ԱԺ-ն ընդունեց մի հայտարարություն, որ պարզապես գագաթնակետն էր այն սքանչելի արվեստի, թե ինչպես կարելի է ամեն ինչ անել` ոչինչ չանելու համար: ԱԺ 96 պատգամավորներ համոզված են, որ.
«1. Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար, հետևաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը և կասեցնում է Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները:
2. Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և էլ ավելի է խորացնում իր սանձազերծած հակահայկական թշնամանքի և ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը։
3. Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
4. Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին` դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի միջև 2012 թվականի օգոստոսի 31-ին իրականացված գործարքը։
5. Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համարժեք արձագանքը և համապատասխան հստակ գործողությունները»:
Սպառելով օրակարգը` ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտեց աշխատանքները, և կատարած պարտքի գիտակցությամբ պատգամավորները հեռացան խորհրդարանից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- 2012-ի սեպտեմբերի 5-ը ՀՀ Ազգային ժողովին նվիրելուց հետո տունդարձի բարեբախտաբար կարճ ճանապարհին գերագույն լրջությամբ պատասխան էի որոնում ըստ էության մի անհեթեթ հարցի` ինչո՞ւ ամբողջ օրը ականջիս տակ ու ձայնագրիչիս մեջ հնչած ելույթներում կար ամեն ինչ, իսկ հավարտ ընդունված հայտարարությունն ընդամենը ձևական ակցիա էր, բառակույտ, որ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին օգտագործման առումով չի արտահայտում ո՛չ ներկա իրավիճակը, ո՛չ ապագա զարգացումները, ո՛չ էլ անգամ անցյալն է բացատրում: Եթե այսքանից հետո Հայաստանն ընդամենը ակնկալում ու հորդորում է, բուռն ու անկեղծ ինքն իրեն համոզում, որ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից հետո ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ պիտի միջազգային կառույցները արդարացնեն անկապ ակնկալիքները, ինչո՞ւ պիտի հորդորվեն ու ինչպե՞ս: Գործնականում յուրաքանչյուր պատգամավորի ելույթ շատ ավելին էր, քան բոլորի համատեղ հայտարարությունը: Ինչո՞ւ: Ես իմ հարցի պատասխանը չգտա և ակներևաբար ոչ այն պատճառով, որ տունդարձի ճանապարհը կարճ էր. 20 տարի Հայաստանն այդ պատասխանը չի գտնում: Եվ հարևաններն էլ դա գիտեն:

Դիտվել է՝ 3053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ